Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975թ-ից, գրողի հայրական տանը։ Նույն տարվա հոկտեմբերի 29-ին, նրա ծննդյան 100-ամյակի օրերին, Իսահակյանների տունը դարձավ հուշատուն-թանգարան։

Այն ենթարկվել է բազմաթիվ ավերածությունների 1988թ-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով։ Շատ ժամանակ չանցած տունը վերականգնվել է և վերսկսել իր գործունեությունը 2002թ-ի գարնանը։

Թանգարանում վերականգնված են բանաստեղծի աշխատասենյակը, Իսահակյանների հյուրասենյակը, ննջասենյակը, խոհանոցը, մառանը և թոնրատունը։ Թանգարանի կահավորանքը պահպանվել է այնպես, ինչպես հեղինակի կենդանության օրոք է եղել։ Այստեղ կարելի է տեսնել Իսահակյանի անձնական հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, որտեղ ծնվել է նրա առաջին ստեղծագործությունը, փայտե մանկական օրորոցը, ասեղնագործված սեղանի սփռոցը և բարձը, հեղինակի շատ սիրելի սուրճի պատրաստման ամանը, հայելին, 2 մ բարձրությամբ փայտե քանդակը, որը հանրահայտ գրողի դիմաքանդակն է։

Թանգարանում կարելի է ծանոթանալ ոչ միայն մեծ բանաստեղծին առնչվող մասունքներին, այլև 19-րդ դարի վերջին քառորդի ունևոր գյումրեցու կենցաղին, նիստուկացին։