Բերդի պատմության և կենցաղի թանգարան
Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարան, Բերդ քաղաքի թանգարանը հիմնադրվել է 1981թ-ին` որպես Սարդարապատի ազգագրության թանգարանի մասնաճյուղ, հետագայում անցել է ՀՀ Մշակույթի նախարարության ենթակայության տակ, իսկ 1997թ-ին այն Բերդի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկություն է։
Թանգարանը գտնվում է Բերդ քաղաքից փոքր-ինչ հեռու՝ բարձրադիր ու գեղատեսիլ վայրում, «Սորան» կոչվող զբոսայգու հարևանությամբ։ Թանգարանի հիմնադիր և առաջին տնօրեն է եղել Ռաֆիկ Աշոտի Մուրադյանը։
Թանգարանում առկա է 624 ցուցանմուշ, որոնցից 190-ը գտնվում է ֆոնդում։ Ցուցադրված է 434-ը, որից 34-ը գրքեր են։ Թանգարանն ունի բաժիններ, որոնք վերաբերում են 1941-1945թթ-ի Հայրենական մեծ պատերազմի մասնակից հերոսներին, Հայոց մեծ եղեռնին, 1990-1997թթ-ի Հայ-ադրբեջանական ընդահարումներին, Շամշադինի ինքնապաշտպանական ջոկատներին Տավուշ կամ Ցլիկ Ամրամի ամրոցի պատմությանը, կատարված պեղումներին, շամշադինյան կենցաղին, որը ներկայացված է «տատիկի տուն», «մոր և մանկան» անկյունների միջոցով, հողագործությանը, կավագործությանը, ձեռագործությանը, գորգագործությանը և երաժշտական գործիքներին։