Աշխարհում առաջին Մանկական պատկերասրահը բացվել է 1970թ-ի մարտի 13-ին, Երևանում՝ արվեստաբան Հենրիկ Իգիթյանի և մանկավարժ Ժաննա Աղամիրյանի ջանքերով:

1978թ-ին Մանկական պատկերասրահը վերածվեց Հայաստանի Մանկական ստեղծագործության թանգարանի, որի հիմքի վրա հետագայում ստեղծվեց Գեղագիտության ազգային կենտրոնը: Շուրջ չորս տասնամյակ Երևանի Մանկական ստեղծագործության թանգարանը ներկայացնւմ և պրոպագանդում է մանկական արվեստը:

Մշտական հավաքածուն ներառում է շուրջ 150,000 ստեղծագործություններ Հայաստանից և աշխարհի 120 երկրներից, որոնք ներկայացված են չորս անվանակարգերում` հայկական արվեստ, միջազգային արվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ և ցուցահանդեսային սրահ: Թանգարանում պարբերաբար իրենց գործերն են ցուցադրում Գեղագիտության ազգային կենտրոնի սաները, ինչպես նաև տեղի են ունենում անհատական ցուցահանդեսներ: