Ժողովրդական արվեստի թանգարան
Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում և ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշներ:
1930-ական թթ. վերջին ազգագրագետ-բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորած մի խումբ նվիրյալների ջանքերով հիմնադրվել է Ժողովրդական ստեղծագործության տունը, որի հավաքածուն հիմք է հանդիսացել Ժողովրդական արվեստի թանգարանի կազմավորման համար:
Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1978թ., Հայաստանի մշակույթի նախարարության կողմից, հիմնադիր և առաջին տնօրեն՝ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյան: Թանգարանի գործունեությունը տարիներ շարունակ ուղղված է եղել հայ ժողովրդի մշակութային ժառանգության կարևորագույն մաս կազմող ժողովրդական արվեստի նմուշների հավաքմանը, պահպանմանը, զարգացմանն ու հանրահռչակմանը: