Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանի բացումը տեղի է ունեցել 2006թ-ի դեկտեմբերի 20-ին 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում: Թանգարանը լուսաբանում է մեծանուն արվեստագետի կյանքն ու գործը։ Թանգարանի գործունեության նպատակն է այցելուներին մոտիկից ծանոթացնել հայ մեծ դերասան Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի կյանքին ու ստեղծագործությանը։

Թանգարանում ցուցադրվում են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը, տարբեր ֆիլմերում («Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Միմինո», «Ալի Բաբան և քառասուն ավազակները», «Հին օրերի երգը», «Այբոլիտ-66») օգտագործած ռեկվիզիտներ։ Թանգարանի հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կոմոդը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը՝ «01-99» ֆիլմից, իրեր՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմից։ Այստեղ կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր։ Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված թանգարանում կա 270-ից (երկու հարյուր յոթանասուն) ավելի լուսանկարներ։ Պահպանվել է Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ։