Մարտունու պատկերասրահը բացվել է 1978 թ. Մշակույթի նախարարության Նկարչական շրջիկ արվեստանոցից հատկացված ստեղծագործությունների հիման վրա: Շուրջ 200 թանգարանային առարկա` գեղանկար, քանդակ, գրաֆիկա ընդգրկող հավաքածուն ներկայացնում է 1960-1980-ական թթ. հայ կերպարվեստը, որը շարունակում էր նախորդ տասնամյակներին ձևավորված, կոմունիստական գաղափարաբանական պատգամներով ընթացող ուղին՝ «ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական» կարգախոսի ներքո:

Հավաքածուում տեղ են գտել անվանի քանդակագործներ Ն. Նիկողոսյանի, Թ. Միրզոյանի, Ռ. Քյուրքչյանի, Ռ. Բադալյանի, Ս. Մեհրաբյանի, Հ. Մուրադյանի և այլոց տարանյութ դիմաքանդակներն ու թեմատիկ ստեղծագործությունները։