«Գառնի» պատմա-մշակութային արգելոց-թանգարանը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտում։

Այն ներառում է պատմամշակութային մի շարք կառույցներ ու մշակութային արժեքներ` Գառնիի ամրոցը (մ.թ.ա. III-II դդ.), հեթանոսական տաճարը (մ.թ. 77թ.), խճանկար հատակով բաղնիքը, պալատական շինությունների և հարակից տնտեսական կառույցների, Ս. Սիոն եկեղեցու (VII դ.) և կից մատուռի ավերակները, սեպագիր արձանագրությամբ «վիշապ» անվանվող քարակերտ կոթողը, հունարեն արձանագրությամբ քարը և այլն:

Հուշարձանախմբի ուսումնասիրման աշխատանքները սկսվել են XIX դ. վերջերին: Այնուհետև 1909-1911 թթ. ակադեմիկոս Ն. Մառի, ապա 1950-ական թվականներից Բ. Առաքելյանի ղեկավարությամբ պարբերաբար իրականացված պեղումների շնորհիվ համալիրի տարածքում բացվեցին մի շարք հուշարձանների մնացորդները և ի հայտ եկան արժեքավոր հնագիտական նյութեր: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա համալիրի հուշարձանների մի մասի մնացորդները (եկեղեցի, բաղնիք, պալատական շենք, պարիսպներ և այլն) ամրակայվեցին, իսկ հեթանոսական տաճարը 1968-1974 թթ. ամբողջապես վերակագնվեց:

2004թ. հուլիսի 8-ի N 853-Ն որոշմամբ` մինչ օրս հանդես է գալիս որպես ՀՀ մշակույթի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ: