1977 թ. մի խումբ արվեստագետների և վաստակավոր նկարիչ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) այրու՝ Դիանա Ուկլեբայի նախաձեռնությամբ, Երևանում բացվեց վարպետի արվեստանոց-թանգարանը, որը երկու տարի անց դարձավ Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղերից մեկը: Այստեղ ամփոփ ներկայացված են նկարչի ստեղծագործական ժառանգությունը, հուշաձեռագրային նյութեր, անձնական իրեր:

Գ. Գրիգորյանը մասնագիտական կրթություն ստացել է նախ Թիֆլիսում, ապա Մոսկվայում: Մինչև 1962 թվականը նա ապրել ու ստեղծագործել է իր ծննդավայրում, հետագայում՝ Երևանում: Բավականին հարուստ ստեղծագործական ժառանգություն է թողել նկարիչը, որի գերակշիռ մասը պահպանվում է ՀԱՊ-ում և արվեստանոց-թանգարանում:

Մասնաճյուղի սրահներից մեկում տեղ են գտել նաև Դիանա Ուկլեբայի մի քանի կտավները, իսկ առաջին հարկում ներկայացվում են Թիֆլիսյան դպրոցի անվանի նկարիչների ստեղծագործությունները:

Երևանի կենտրոնում՝ Մատենադարանի հարևանությամբ է գտնվում Ջոտտոյի արվեստնոց-թանգարանը: