Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով՝ 09.09.1919թ-ին: Այն սկզբնապես կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը: 1921թ. օգոստոսի 20-ին թանգարանը բացել է իր դռները այցելուների առաջ։

Թանգարանը տարիների ընթցքում մի քանի անգամ անվանափոխվել է․ Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935թ.), Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.) և Հայաստանի պատմության թանգարան (2003թ.)։

Թանգարանը ֆինանսավորվում է ամբողջությամբ պետության կողմից, որը և հավաքածուների և շենքի սեփականատերն է։

Կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա։ Այն այժմ համալրում է իր հավաքածուները հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Թանգարանում ներկայացած է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։