Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931թ.: Սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936թ. վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:

Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 56 տարի:

1994-1997թթ. գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում: 2005թ. հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում` քաղաքապետարանի հետ կազմելով միասնական ճարտարապետական համալիր:

Թանգարանում պահպանվում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող շուրջ 94 հազար առարկա. հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, այդ թվում՝ Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։ Մեծ արժեք են ներկայացնում հին Երևանի կոլորիտը ներկայացնող ազգագրական և լուսանկարների հավաքածուները: