Հովհաննես Թումանյանի հայրական տունը` Լոռու մարզի Դսեղ գյուղում տուն-թանգարանի է վերածվել 1939թ-ին: Այստեղ պահպանվում է մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշ: Բակում տեղադրված է գրողի կիսանդրին և կառուցված է մատուռ (1994թ.), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը:

Թանգարանը երկհարկանի է՝ բաղկացած վեց սենյակից: Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և երկու ցուցասրահ: Վերջին երկուսում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում և Ջալալօղլիում ուսումնառության տարիների, գրողի գրական-հասարակական գործունեության մասին: Երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրեր:

Տուն-թանգարանի շենքը վերանորոգված է, նորացված է նաև ցուցադրությունը: Թումանյանին վերաբերող հիշարժան տարեթվերի և զանազան այլ առիթներով այստեղ կազմակերպվում են մեծ հանդիսություններ և ամենամյա թումանյանական օրեր