Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես իր դռները բացել է 2015թ-ի հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կառուցելու որոշումը կայացվել է 2013թ-ի մայիսի 30-ին։
Թանգարանը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի համերգասրահ, մշտական և ժամանակավոր ցուցադրություններ: Այստեղ գործում են գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում և կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա: Վերջինս 1950-ական թթ-ին նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը, իսկ նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Ֆինանսական ծախսերը հոգացել են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները: