Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանը հիմնադրվել է 1990թ-ին հայրենի քաղաքին նկարչի նվիրաբերած գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների հիման վրա:

ՀԽԱՀ ժողովրդական նկարիչ Մհեր Մանուկի Աբեղյանը ծնվել է 1909թ. Վաղարշապատ քաղաքում: Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում, Մոսկվայի Վխուտեինում, Լենինգրադի Պրոլետարական կերպարվեստի ինստիտուտում:

Արվեստագետը ծավալել է մանկավարժական բեղուն գործունեություն. դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության նախագահ:

Աբեղյանը ստեղծագործել է բոլոր ժանրերում՝ բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի և կենցաղային ժանրում: