Մինաս Ավետիսյանի թանգարանը հիմնադրվել է 1982թ-ին՝ նկարչի ծննդավայր Ջաջուռ գյուղում: 1988թ. երկրաշարժից շենքն ավերվել է: Թանգարանը վերաբացվել է 2003թ. վերակառուցումից հետո` ներառելով նաև 1979-ից ՀԱՊ-ի մասնաճյուղ հանդիսացող Մ. Ավետիսյանի երևանյան արվեստանոցի հավաքածուն: Այժմ թանգարանում ցուցադրվում են նկարչի և նրա ժամանակակիցների աշխատանքները:

Մինաս Կարապետի Ավետիսյանը ծնվել է 1928թ-ին Ջաջուռ գյուղում (այժմ` ՀՀ Շիրակի մարզում): Մասնագիտական կրթությունը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև ուսանել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ապա տեղափոխվել է Լենինգրադի Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիա։ Մինաս Ավետիսյանի արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը: Մինասը բազմաժանր նկարիչ է: Նա ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող հորինվածքներ, բնանկարներ, դիմանկարներ ու նատյուրմորտներ: