Շուշիի պատմաերկրագիտական թանգարանը ստեղծվել է 1992թ-ի մայիսի 28-ին:

Թանգարանը գտնվում է Շուշի քաղաքի «Ձորի թաղի» կենտրոնում գտնվող՝ 19-րդ դարի սկզբի փոխգնդապետ Եսայի Ղարամյանցին (Գրամով) պատկանող առանձնատանը։ Այն հանդիսանում է Արևելյան Հայաստանի հզոր ամրոցի բազմադարյա անցյալն ուսումնասիրող և լուսաբանող հնությունների գիտական կենտրոն։

Այնտեղ ցուցադրվում են Շուշիի քարե դարի, ուշ բրոնզեդարյան և միջին դարերի ժամանակաշրջանի հնագիտական առարկաներ։

Թանգարանի հավաքածուի (թվով շուրջ 5000 առարկաներ) մեջ հատուկ տեղ են գրավում ազգագրական բնույթի առարկանեը: Հավաքածուի մեջ կան տեղական և օտար արհեստագործների արտադրանքներ։

Շուշի քաղաքի պատմության ողբերգական օրերը լուսաբանող լուսանկարները վկայում են 1920թ-ի մարտի 22-23 թուրք-թաթարական զավթիչների կանոնավոր և անկանոն զորքերի կողմից Շուշի քաղաքի հրկիզման, 7-8 հազար հայ բնակչության ցեղասպանության և հայ պատմաճարտարապետական ժառանգության սպիտակ եղեռնի մասին։

Առանձին անկյուն է տրամադրված 1992թ-ի մայիսի 8-9 Շուշիի ազատագրման ռազմական գործողությանը։ Այստեղ տեղադրված է մարտերի պատմությունը լուսային էֆեկտներով ուղեկցող՝ «Հարսանիք լեռներում» ռազմագործողության մանրակերտը։