Պերճ Պռոշյանի տուն-թանգարան
Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը ստեղծվել է 1948թ-ին, Աշտարակում՝ գրողի (1837-1907) հայրական տան հիման վրա: Վերջինիս կից կառուցվել է երեք ցուցասրահ, որոնցից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով, մյուս երկուսում ցուցադրված են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող հարուստ նյութեր: Դրանք հիմնականում ձեռք են բերվել Պռոշյանի ժառանգների նվիրատվությամբ: Այսօր տուն-թանգարանում առկա են 2000-ից ավելի հուշային և օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ այցելուները հաղորդակցվում են մեծ արձակագրի գրական, մանկավարժական, հասարակական բազմաբեղուն գործունեությանը:
Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008թ-ին, նորացվել է նաև ցուցադրությունը:
Մեծ գրողի տունը Աշտարակի ամենագործուն մշակութային օջախն է: Այցելուներն այստեղ ծանոթանում են Պռոշյանի հիշատակը հավերժացնող մասունքներին, ստեղծագործություններին, մասնակցում դրանց հիման վրա կազմակերպվող միջոցառումներին: