Զվարթնոց արգելավայրի ստեղծումը պայմանավորված է 1900-1907 թթ. Էջմիածնի միաբան Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ և 1904 թ. ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարությամբ պեղումներով բացված Զվարթնոց կամ Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարի (կառուցված 641-652 թթ.) և հարակից շինությունների ավերակների պատմաճարտարապետական բացառիկ նշանակությամբ և պատմահնագիտական գտածոների արժեքով:

ՀԽՍՀ Լուսժողկոմատի 1923 թ. մարտի 20-ի №1138 հրամանով ստեղծվել է Զվարթնոց հնագիտական վայրի և կալվածքի վարչություն, կառավարիչ է նշանակվել անվանի բանահավաք, հնագետ Խաչիկ վարդապետ Դադյանը: ՀԽՍՀ Լուսժողկոմատի 1924 թ. ապրիլի 17-ի №141 հրամանով Զվարթնոց հնագիտական վայրն ընդգրկվել է Հայաստանի հնությունների պահպանման կոմիտեի կազմում:

1924-1944 թթ. արգելավայրը գործել է որպես «Զվարթնոցի» հնագիտական վայր, 1944-1986 թթ.` «Զվարթնոց» հուշարձան թանգարան, 1986-1989 թթ.` «Զվարթնոց» պատմաճարտարապետական թանգարան, 1990-2003 թթ.` «Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարան: Այն 2003 թ. հունիսից գործում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում։

Բացօթյա ցուցադրությունում ցուցադրվում են Զվարթնոց տաճարի ավերակների ամրակայած և մասնակի վերականգնած պատերի մնացորդներ, սյուների խարիսխներ, բներ, զամբյուղախոյակ և արծվախոյակ սյունաշարեր, կամարներ, բարավորների քիվեր, թաղակապ ծածկերի կրաշաղախե խոշոր զանգվածքներ, մկրտության ավազան, ջրհոր, տաճարից պահպանված զարդաքանդակներ, տաճարի հարավ-արևմտյան մասում գտնվող կաթողիկոսական պալատը, վանականների խցերը, բաղնիքը, 4-5րդ դարի բազիլիկ եկեղեցու մնացորդները։