Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1977թ-ին Երևանի այն բնակարանում, որտեղ 1929թ-ից մինչ իր մահը՝ 1956թ., ապրել է նշանավոր գրողը:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է: Ունի 700-ից ավելի հիմնական և 1000-ից ավելի գիտաօժանդակ ցուցանմուշներ:

Թանգարանը բաղկացած է երկու հուշային սրահներից և երկու ցուցասրահներից:

Առաջին ցուցասրահն ամփոփում է գրողի կյանքը և գրական գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներ, երկրորդը նրա աշխատասենյակն է, երրորդը՝ հյուրասենյակը: Չորրորդ սրահում ներկայացված են դեմիրճյանական թատրոնը և կինոն:

Գրողի անձնական իրերի մեջ ցուցադրված է նաև նրա ջութակը, որը ստրադիվարիուսյան դպրոցի եզակի նմուշ է:

Տուն-թանգարանի նյութերի հիման վրա ստեղծվել են հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ: Այստեղ պարբերաբար կազմակերպվում են գրական-թատերական ցերեկույթներ, հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, կրթական ծրագրեր: