Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ստորագրած համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է․

«Մոսկվան ակտիվորեն կաջակցի Երևանին և Բաքվին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին փոխզիջումային հանգուցալուծումներ որոնելու հարցում»:

Հայտարարության մեջ նշվում է նաև․

«Մայիսի 12-ին լրանում է Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ստորագրած հրադադարի մասին համաձայնության ստորագրման 25-ամյակը: Համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության անմիջական միջնորդությամբ և թույլ է տվել դադարեցնել զանգվածային արյունահեղությունն ու սկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այսօր էլ մայիսի 12-ի համաձայնագիրը շարունակում է մնալ հրադադարի պահպանման հիմքը», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Նշվում է, որ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը բարդ է.

«Այն անցել է վերելքների և անկումների միջով: Ժամանակ և քաղաքական կամք է պահանջվում մասնակիցներից կարգավորման առանցքային ասպեկտների շուրջ համաձայնության գալու համար: Այդ մասին են, մասնավորապես, վկայում ՀՀ և Ադրբեջանի վերջին հանդիպումը Վիեննայում, ինչպես նաև ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում:

Ռուսաստանն իր հերթին ակտիվ աջակցություն կցուցաբերի Բաքվին և Երևանին փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում: Ինչպես նախկինում, կշարունակենք ձեռնարկել հետևողական միջնորդական ջանքեր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ԱՄՆ և Ֆրանսիայի հետ համատեղ»: