ՀՀ ոստիկանությունը վերանայել է ճանապարհային երթևեկության բնագավառում կատարվող վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժերրի տեսակները և տուգանքների չափերը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ թվով 100 իրավախախտումից 26-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել: Մասնավորապես, 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի քան 50%-ով, 10-ը` 50%-ով, ևս 9-ը` 50%-ից նվազ չափով:

Նախագծով 30,000 դրամը չգերազանցող տուգանք կնախատեսվի բոլոր այն խախտումների համար, որոնց հանրային վտանգավորության աստիճանի գնահատումը թույլ կտա հանգել հետևության, որ վարչական տույժի նպատակներին կարելի է հասնել 30,000 դրամը չգերազանցող տուգանքի և վարչական այլ տույժերի համատեղ կիրառմամբ:

Առավել վտանգավոր այն խախտումները, որոնց կատարման դեպքում վարչական տույժի նպատակներին հնարավոր չէ հասնել 30,000 դրամը չգերազանցող տուգանքի նշանակմամբ, ներկայացված նախագծով առաջարկվում է քրեականացնել՝ համարժեք պատիժ նախատեսելու նպատակով` միաժամանակ ապահովելով միատեսակ մոտեցումը փաստացի նույն կարգավիճակն ունեցող անձանց նկատմամբ:

Խախտում կատարած անձի նկատմամբ յուրաքանչյուր իրավախախտման համար կիրառվելու է 0.5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր, որոնց չափը օրենսգրքի հատուկ մասով սահմանվելու է ելնելով խախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից:

Անհամեմատ մեծ տարածում ունեցող խախտումների պարագայում տուգանային միավորների համակարգի ներդրման նախնական փուլում նախագծով նախատեսվել են ցածր միավորներ` վարորդներին չծանրաբեռնելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով նաև իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը:

Հետագայում տուգանային միավորների չափերը կարող են վերանայվել` կախված կիրառման արդյունքներից. տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու (հետագայում՝ նաև կասեցված իրավունքը վերականգնելու) օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր, խախտում ամրագրելու դեպքում անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ խախտման համար սահմանված տուգանային միավորները:

Եթե խախտման համար հանվող միավորները գերազանցեն անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվելու են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ խախտման համար սահմանված տուգանային միավորների չափից: Տուգանային միավորի ձևով վարչական տույժ նշանակելու յուրաքանչյուր դեպքում խախտողը իրազեկվելու է իրեն տրված տուգանային միավորների մնացորդի մասին, որի չափը պարտադիր նշվելու է որոշման մեջ:

Տվյալ տարում տուգանային միավորների կիրառման արդյունքում 3 և պակաս միավորների մնացորդ ունեցող վարորդներին տրվելու է տեսական քննություն հանձնելու միջոցով 2 միավորը վերականգնելու հնարավորություն: Վարչական խախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվում է պատասխանատվություն այն կանոնների խախտումներ պարբերաբար կատարելու համար, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով:

Ճանապարհային երթևեկության կանոնների պարբերաբար խախտում համարվելու է 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր, խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով` առաջացնելու է վարչական տույժ՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձևով՝ 6 ամիս ժամկետով:

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կրկին կատարելը առաջացնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ 1 տարի ժամկետով:

Ընդհանուր առմամբ առաջարկվում է տուգանային միավորը, որպես վարչական տույժի տեսակ, նախատեսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի 100 խախտումից 20-ի համար: