«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

««Ժառանգություն» կուսակցությունը, հետևելով հայաստանյան ներկա վտանգավոր զարգացումներին, ցավով արձանագրում է, որ այս կարևորագույն գործընթացը իշխանությունը դարձյալ ստորադասում է իր մարտավարական շահերին:

Առաջնորդելով դատարանների դռները փակելու անհեռանկար և վտանգահարույց գործողությունը և հանրային աջակցություն չստանալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը սկսում է անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը խորհրդարանի հետ միասին, պատրաստ է անգամ սահմանադրական փոփոխությունների, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Քաղաքականապես անհասկանալի է, թե ինչն էր նրան խանգարում այս կարևորագույն խնդիրներին լուծում տալ անցած մեկ տարվա ընթացքում: Գրեթե մեկ տարի հայաստանյան քաղաքական դաշտում բարձրաձայնում էին այս հիմնարար դրույթները, իսկ այժմ դարձյալ փորձ է կատարվում միանձնյա որոշումներ ընդունել՝ շրջանցելով անհրաժեշտ քաղաքական և հանրային քննարկումների փուլը, ինչը հղի է ներքաղաքական ցնցումների և նենգադուլների հետագա կրկնություններով:

«Ժառանգություն»-ը համոզված է, որ միանձնյա, փողոցային պայքարի՝ դիպվածային և կասկածելի օրինականություն ունեցող քայլերով ու կարգախոսներով անցումային արադարադատության մեխանիզմներ ներդնել անհնար է. դրանց հաջող գործարկման համար հանրային-քաղաքական ներգրավվածությունը և համերաշխությունը պարտադիր պայման են:

Կոչ ենք անում վարչապետին զերծ մնալ արկածախնդրական քայլերից, որոնք վտանգում են ՀՀ միջազգային հեղինակությունը՝ որպես ժողովրդավարական և իրավական պետության:

Ակնկալում ենք խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ու հասարակական ուժերի հետ օր առաջ քննարկումների կազմակերպում՝ օրենսդրորեն բացառելու համար հին ուժերի վերադարձը և սահմանադրական կարգի տապալման բոլոր հնարավոր փորձերը»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։