Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակն է։

Ֆրանսահայ երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, և վերջապես լեգենդ դարձած Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակի Ազնավուրյան) ծնվել է 1924թ-ին մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։

Ազնավուրի հայր՝ Վաղինակ Ազնավուրյանը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը։ Հետագայում ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա։

Ազնավուրը թատրոնի աշխարհի հետ ծանոթացել է վաղ տարիքից։ Նա թողել է դպրոցը 9 տարեկանում՝ արդեն տարված լինելով արտիստի կյանքով։ Նա սկսեց հանդես գալ այդ ժամանակից և շուտով վերցրեց «Ազնավուր» բեմական անվանումը։ 1940-ական թթ-ին Պիեռ Ռոշի հետ հանդես եկավ Կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես խմել եմ», Ժորժ Ուլմերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չէր ընդունում։ Շառլի աստեղային ժամը եկավ 1946թ-ին՝ երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվեց տանել նրան իր հետ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում շրջագայությունների։

Շառլ Ազնավուրը համաշխարհային հռչակ է ստացել 1956թ-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Ֆրանսիական մամուլը այդ առիթով գրել է․ «Ֆրանսիան ազնավուրացված է»։

Շառլ դը Գոլը Ազնավուրի մասին գրել է․ «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»։

Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է, ով ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, նեապոլիտաներեն: Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և իր և այլ երաժիշտների համար։

Չմոռանալով ֆրանսիական մշակույթը նա 1995թ-ից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում։ 2008թ-ին նա ստացել է Հայաստանի քաղաքացիություն և 2009թ-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։

Ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը մահացավ մեկ տարի առաջ՝ 2018թ-ի հոկտեմբերի 5-ին։ Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նրա մասին ասել է․ «Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»։

Ազնավուրը թաղված է Մոնֆոր Լամորի համայնքի 12-րդ դարի վանքի տարածքում գտնվող ընտանեկան դամբարանում