Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել և կանխել է ՀՀ դատական համակարգի պաշտոնատար անձին առնչվող առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպք:

Նախնական տվյալների համաձայն՝ հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբանական բնույթի ծառայություններ մատուցող նախկին փաստաբանը ՀՀ քաղաքացու օգտին քաղաքացիական գործով բարենպաստ դատական ակտի կայացումն ապահովելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին տվել է կաշառք գումար: Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, որից անմիջապես հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել: Կաշառքի առարկա գումարը հայտնաբերվել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով, 2 անձ ձերբակալվել է:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վերոնշյալ անձանց մասնակցությամբ հնարավոր այլ կոռուպցիոն դեպքերի բացահայտման ուղղությամբ: