Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն Իջևանում բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների հետ բանակցություններ են վարել: Իջևան են ուղևորվել նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան բախում է տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև: Ցուցարարները քարեր ու փայտեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Կա 12 հոսպիտալացված անձ:

Բանակցություններից անմիջապես հետո Իջևանում M4 միջպետական ճանապարհը բացվել է։ Որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել ոստիկանապետի, նախարարների ու ցուցարարների միջև բանակցությունների արդյունքում։

Իջևանցիները բացել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խոստացել է կատարել ցուցարարների պահանջները:

Նա խոստացել է 1 խորանարդ մետր փայտի գինը 16800 դրամից իջեցնել՝ 6 հազար դրամի, որից հետո բոլոր վերավաճառողները կկարողանան օրինական կարգով գնել անտառի փայտ։

Իջևանում թեև ճանապարհը բացվել է, բայց իրավիճակը շարունակել է լարված մնալ:

Հայտնի է նաև, որ հատուկջոկատայինները միացել են ոստիկաններին, որոշ ցուցարարների ձերբակալել են: