ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ սահմանադրական դատարանն ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն է, որովհետև 1996թ-ից սկսած այն վավերացրել է բոլոր ընտրակեղծիքները և, ըստ էության, կար վստահության ճգնաժամ Սահմանադրական դատարանի նկատմամբ, ուստի, որոշվել էր ունենալ նոր Սահմանադրական դատարան:

Փաշինյանը նշել է, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը իրեն ուղղակի ցնցել է, որովհետև այդ նամակը կարդալով, հասկացել է, որ 2017թ-ի տրանսֆորմացիայի շրջանում կենտրոնացած լինելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիայի վրա, չեն նկատել նույնամասշտաբ մի մանիպուլյացիա, որը տեղի է ունեցել Սահմանադրական դատարանում:

«2019թ-ի Հայաստանը պետք է ունենա 2019թ-ի Սահմանադրական դատարան: Սա է քաղաքական խնդիրը: Որևէ մեկը չկասկածի, որ այս խնդիրը պետք է լուծվի: Մենք պետք է ունենանք կառավարության, նախագահի , խորհրդարանի նոր ինստիտուտ և նոր Սահմանադրական դատարան, որովհետև սահմանադրական տեքստի հեղինակները, ըստ էության, պնդում էին, որ նրանք գտել են, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանում իդեալական Սահմանադրական դատարանը, որը պետք է համապատասխանի մեր այսօրվա գլոբալ կարիքներին: Հարց՝ ունե՞նք մենք այսօր այնպիսի Սահմանադրական դատարան, որը կհամապատասխանի այսօրվա գործող Սահմանադրության տեքստին: Մենք չունենք այդպիսի Սահմանադրական դատարան»,- հայտարարել է վարչապետը:

Փաշինյանն ասել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարան Հայաստանը չի կարող ունենալ մինչև առնվազն 2030թ-ը:

«Մենք ունենք այնպիսի դրույթ Սահմանադրական դատարանի վերաբերյալ, որ չենք կարող կիրառել մինչև 2035թ-ը, որովհետև Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է սահմանադրական դատարանը: Մենք ունենք իրողություն՝ 2019թ-ի Հայաստան թե Սահմանադրության, թե հեղափոխության, թե ժամանակի իմաստով, բայց, ըստ էության, ունենք 1995թ-ի Սահմանադրական դատարան: Այս պատկերը ցույց է տալիս, որ Հրայր Թովմասյանի կողմից սեփականաշնորհած է Սահմանադրական դատարանը»,- եզրափակել է ՀՀ վարչապետը:

Վարչապետը նաև չի բացառել սահմանադրական փոփոխությունների իրականացումը, սակայն, ճիշտ չի համարում երկրում սահմանադրությունների հաճախակի փոփոխությունը:

«Ճիշտ չեմ համարում, որ երկրում սահմանադրությունները հաճախակի փոխվեն: Եվ նաև կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է Հայաստանում շանս ստանա, որ մենք հասկանանք՝ ինչ համակարգ է սա: Բայց, ընդհանուր առմամբ, հուլիսի 5-ին ես արձանագրեցի, որ կա մի շատ կարևոր և արդարացի փաստարկ, որ մենք երբեք ժողովրդի լեգիտիմ քվեն ստացած սահմանադրություն չենք ունեցել, և այսօր էլ չունենք: Ես չեմ կարծում, թե ճիշտ կլինի, որ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որովհետև կարող է դա էլի մեկնաբանվել, որ նոր իշխանություններն են այժմ ուզում իրենց համար ձևել այս սահմանադրությունը, բայց կարծում եմ, որ հանրության մեջ նորմալ է, որ նման նախաձեռնություններ լինեն»,- ասել է Փաշինյանը: