Փաստաբան Երվանդ Վարոսյանն անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր դատավոր Դավիթ Գրիգորյանի պարագայում գործի է դրվել էլ ավելի եղկելի պատժիչ գործընթաց, որի միակ նպատակը նրան իշխանությանն անհաճո որոշման համար պատճելն է` միաժամանակ վախեցնելով նաև մյուս դատավորներին։

Կարժում եմ, որ նման իրավիճակում փաստաբանությունն իրավունք չունի լուռ հետևելու Հայաստանի առանց այդ էլ հիվանդ դատական համակարգի վերջնական ոչնչացմանը։ Առանց անկախ դատական համակարգի փաստաբանություն չկա, կան միայն ստվերային դատապարտելի գործարքներ։

Այս պահին արդեն շուրջ 50 փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։ Համոզված եմ, որ շուտով այդ թիվը կբազմապատկվի։

Չե՛նք լռել նախկինում, չե՛նք լռելու հիմա»։

Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, և հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական կեղծիքի դրվագով։