Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները ձերբակալվել են, երբ եկել են Մոսկվայի Վինոգրադովի անվան հիվանդանոց՝ քաղաքական գործչին տեսակցելու համար, հաղորդում է «Дождь» հեռուստաալիքը:

Հեռուստաընկերության թղթակիցը նույնպես ձերբակալվել է ու հեռարձակումը շարունակել է ձերբակալման վայրից: Թղթակցի խոսքով, նախ նրանց հետ շփվել է հիվանդանոցի ղեկավարներից մեկը, ով հավաստիացրել է, որ Նավալնիի հետ ամեն ինչ կարգին է, ապա դրանից անմիջապես հետո, մուտքի մոտ են մոտեցել ոստիկանական երկու մեքենա և ձերբակալել են հիվանդանոցի մոտ հավաքված մարդկանց:

Հայտնի է, որ ոստիկանությունը ձերբակալել է մոտ 20 մարդու, այդ թվում լրագրողների, ովքեր ներկայացրել են իրենց մամուլի անցագրերը: Ավելի ուշ լրագրողներն ազատ են արձակվել, իսկ մնացած ձերբակալվածները, մոտ 12 հոգի տեղափոխվել են ոստիկանություն: