Հուլիսի 30-ին մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա որդին՝ Հակոբ Ղազանչյանը։

«Քիչ առաջ մահացավ հայրս...»,- գրել է նա:

Նշենք, որ Երվանդ Ղազանչյանը 82 տարեկան էր:

Ղազանչյանը ծնվել է 1937թ. հունիսի 2-ին, Երևանում։1949-52թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես սկսնակ դերասան, 1958-62թթ.` Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր, 1967-70թթ.` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր, 1984-86թթ.` որպես տնօրեն և գեղարվեստական խորհրդի նախագահ, 1970-76թթ` Լենինականի դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան)` որպես գլխավոր ռեժիսոր, 1976-78թթ.` Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն, 1980-84թթ. և 1986-93թթ.` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես գլխավոր ռեժիսոր: 1993թ-ից Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: 1993-2002թթ եղել է նաև թատրոնի տնօրենը:

1974թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (1991թ-ից` պրոֆեսոր): 1995-2007թթ եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը: 1986թ. պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով:1974թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.` ժողովրդական արտիստի կոչման: