«Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանն անդրադառնալով այսօր՝ Շառլ Ազնավուրի՝ Ֆրանսիայում տեղի ունեցած հրաժեշտի արարողությանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Խորհրդանշական է, որ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ առանց Հայաստանի նախորդ երեք նախագահների մասնակցության: Նրանք չեն կարողացել հաղթահարել անձնական հավակնությունները և հետևել արձանագրությանը, ինչպես դա արեցին Ֆրանսիայի նախագահները, ովքեր ավելի բարդ հարաբերություններ ունեն միմյանց հետ:

Երբ նրանք չհայտնվեցին Անկախության օրը, ես պարզապես ուսերս թափ տվեցի և ոչինչ չասացի: Բայց այսօր կասեմ:

Որպես Հայաստանի նախագահներ, նրանք ցույց տվեցին, որ ընդհանուր ոչինչ չունեն հայոց պետականության, հայկական ճակատագրի, հայ ժողովրդի և ողջ աշխարհի ցավի հետ:

Ես գրում եմ հոգու մեծ ցավով և տխրությամբ: Ես հասկանում եմ, որ նախագահներն այնպիսինն են, ինչպիսին ժամանակներ են, բայց միևնույնն է` տխրություն կա հոգումս»:

Նշենք, որ այսօր Ֆրանսիայում տեղի ունեցավ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը։ Այն անցկացվեց Փարիզի Հաշմանդամների տանը հատուկ արարողակարգով: «Ազգային հարգանքի տուրքը» ազգային հերոսներին հրաժեշտ տալու հատուկ կարգ է, որին արժանանում են հիմնականում զինվորականները, նաև բացառիկ գործիչներ։ Ազնավուրն առաջին երգիչն է, որի հրաժեշտի արարողությունը կատարվում է այս արարողակարգով:

Արարողությանը ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլյա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը: