Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով կմասնակի։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց Ցոլակյանը։ Նա ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շիրակի մարզում։

Լրագրողների հարցին՝ դժվա՞ր էր իր համար նման որոշում կայացնելը, Ցոլակյանը պատասխանեց.

«Որ ասեմ դժվար էր, ի՞նչ կփոխվի դրանից։ Առաջարկություն է եղել, համաձայնել եմ»։

Լրագրողների դիտարկմանը, թե ՔՊ ցուցակում ընդգրկվում են՝ աջակցելու՞ հեղափոխությանը, նա պատասխանեց.

«Ես որևէ մեկին աջակցելու խնդիր չեմ ունեցել։ Ես չեմ քայլել, ճանապարհ չեմ փակել, իմ աջակցությունը կայացել է քվեարկության ժամանակ՝ Ազգային ժողովում իմ վերաբերմունքը ցույց տալով։ Դրանից հետո ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ աջակցել իշխանություններին և հիմա իմ աջակցությունը հայտնում եմ՝ ընտրություններում առաջադրվելով»։

Ցոլակյանն ասաց, որ Հանրապետական կուսակցության անդամ չի եղել, բայց եղել է իշխանության մեջ իր աշխատելու շնորհիվ.

«Հիմա իրավիճակ է փոխվել, ես առաջարկում եմ իմ օգնությունը ՔՊ-ին այս ձևով։ Ես երբևէ կուսակցական չեմ եղել ու չեմ լինելու»։