ԱՄՆ-ի իշխանությունները 5 միլիոն դոլարի պարգև են հայտարարել այն տեղեկատվության համար, որը կօգնի գտնելու ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան անդամ Սալեհ ալ Արուրիի և շիաների «Հըզբոլլահ» շարժման անդամներ Խալիլ Յուսեֆ Մահմուդ Հարբի և Հայթամ Ալի Թաբաթաբայիի գտնվելու տեղը:

Այդ մասին ասված է Պետդեպարտամենտի՝ նոյեմբերի 13-ին հրապարակված մամուլի տեղեկագրում: Հայտարարության մեջ նշվում է, որ ներկայում Սալեհ ալ Արուրին բնակվում է Լիբանանում: ԱՄՆ-ի իշխանությունները գտնում են, որ նա առնչություն ունի Արևմտյան ափին մի շարք ահաբեկչական գրոհների և մարդկանց առևանգումների հետ: Շիաների «Հըզբոլլահ»շարժման անդամ Խալիլ Յուսեֆ Մահմուդ Հարբը, Պետդեպարտամենտի տվյալներով՝ «ղեկավարել է ռազմական գործողություններ Պաղեստինի եւ մի շարք այլ երկրների տարածքում»:

Հայթամ Ալի Թաբաթաբայիին ԱՄՆ-ի իշխանությունները համարում են Սիրիայում և Եմենում «Հըզբոլլահի» ջոկատների հրամանատար: 2016թ-ի հոկտեմբերին, ինչպես ճշտել է գերատեսչությունը, ԱՄՆ-ը նրան ներառել է պատժամիջոցների ցուցակում: Նոյեմբերի 13-ին ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակ է մտցրել հինգ մարդու, այդ թվում՝ շիաների «Հըզբոլլահ» լիբանանյան կուսակցության առաջնորդ Հասան Նասրուլլայի որդի Ջավադին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: