Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է «Ռաֆո» ՍՊ ընկերության կողմից Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհարթակ և ծանոթացել շինարարության ընթացքին:

Նախագծով նախատեսված է նկուղային հարկերով կառուցել քառահարկ 2 շենք՝ 3 և 4 սենյականոց 32 բնակարանով: Նոր թաղամասը կունենա կահավորված ու լուսավոր բակ, խաղահրապարակ, զբոսայգի, կանաչ գոտի և ավտոկայանատեղի

Պետնախարարն ընդգծել է գյուղական համայնքներում նոր բնակարանների կառուցման առաջնահերթությունը՝ նշելով, որ գալիք տարում այդ նպատակով կառավարությունը նոր ծրագիր կսկսի:

«Գյուղաբնակ մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր գյուղում հիմքից նոր տուն կառուցեն, Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով ընդամենը մեկ տոկոս տոկոսադրույքով հնարավորություն կունենան փոխառություն ստանալու: Դա չի նշանակում, որ դադարեցվելու է այդ նպատակով հանրապետության գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով մինչև 3 մլն դրամ գումարի սահմաններում անհատույց տրամադրվող պետական ֆինանսական աջակցությունը: Երկու ծրագրերը կգործեն զուգահեռ»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:

Այցի ընթացքում պետական նախարարը եղել է Կարմիր շուկայի միջնակարգ դպրոցում, որտեղ ծանոթացել է նորակառույց դպրոցական շենքի պայմաններին, զրուցել ուսուցչական կոլեկտիվի անդամների և աշակերտների հետ, խոստացել, որ դպրոցի համար կառուցվող սպորտդահլիճի կիսատ մնացած շինաշխատանքները շուտով նորից կվերսկսվեն:

Խոսելով պետական աջակցության ծրագրերից՝ Գ. Մարտիրոսյանը հորդորել է համայնքի ղեկավարներին դրանց մասին հնարավորինս իրազեկել բնակիչներին: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի բոլոր քաղաքացիները ժամանակին տեղյակ լինեն պետական աջակցության ծրագրերից: