ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Մարտունի քաղաքի 190-ամյակի տոնակատարությանն իր ելույթում ասել է, որ հայ ժողովրդին փորձել են համոզել, որ թույլ է:

«Մեզ անընդհատ բոլորն ամեն տեղից, բոլոր կողմերից ուզում են համոզել՝ «փոքր ժողովուրդ եք, խեղճ ժողովուրդ եք, յոլա գնացող ժողովուրդ եք՝ դե լավ, յոլա գնացեք էլի», ձեր հայրենիքի այս մի մասը տվեք, այն մի մասը տվեք», բայց մենք բոլորին ասում ենք՝ ոչ, փոքր ժողովուրդ չենք: Որևէ մեկը չփորձի ապացուցել, որ մենք փոքր, խեղճ, անօգնական, հուսահատ ժողովուրդ ենք, մենք հաղթած, հաղթող ժողովուրդ ենք: Որևէ մեկը չփորձի մեզ հետ խոսել կարեկցանքով, սպառնալիքով, քամահրանքով: Մեր մեծությունն սկսվում է նաև այնտեղից, որ մենք մեր հայրենիքում աղբը տեսնելիս կռանում ենք և վերցնում, որովհետև մենք մեծ ժողովուրդ ենք և մեր մեծությամբ սիրում ենք մեր հայրենիքի ամեն անկյունը: Աղբով ծածկված ցանկացած անկյուն նշանակում է մեզ օտար է: Մեր երկրի ամեն անկյուն մեր ընտանիքն է, մենք թույլ չենք տա, որ որևէ անկյուն օտարվի մեզնից», - ասել է Փաշինյանը:

Փաշինյանն ասել է, որ Նորատուսի խաչմերուկում մեծ աղբակույտ կա, և այնպիսի տպավորություն է, որ գյուղապետ չկա, սեփականատեր չկա, մարզպետ չկա:

«Այդ թափված աղբն անարգանք է մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ: Ես շատ լուրջ զբաղվելու եմ այն մարդկանցով, ում պարտականությունն է այդ աղբը հավաքել»,- ասել է Փաշինյանը: