Աժ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ պատասխանել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն սխալվում է՝ ասելով, որ միակ ընդդիմությունն են:

«Եթե դուք հիշում եք, կոալիցիոն մեր գործընկերը հենց առաջին օրը, առանց լուրջ հետևություններ անելու, իշխանափոխության ջատագովներ դարձան, մաս կազմեցին կառավարությանը: Չգիտեմ ինչ-ինչ պատճառներով հետո ճանապարհի կեսից որոշվեց, որ նրանք պետք է ընդդիմություն դառնան: Հետո չգիտեմ, թե ճանապարհի մյուս կեսին ինչ կորոշեն իրենք, բայց համենայնդեպս նման ձևով ընդդիմություններ չեն ձևավորվում. վեց ամսվա ընթացքում երկու-երեք անգամ մտափոխվել, որ իշխանության հետ են, հետո փոխվեն, որ պետք է լինեն ընդդիմություն: Եթե դուք ուշադրություն դարձնեք, դա իհարկե միայն Դաշնակցությանը չի վերաբերվում», - ասել է Բաղդասարյանը:

Ըստ Բաղդասարյանի՝ ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, քաղաքական ուժերը միմյանց տեղ չէին տալիս՝ ով պետք է լինի առաջին շարքում: