Եթե ՀԱՊԿ-ում դեկտեմբերի 6-ին չլինի կոնսենսուս նոր գլխավոր քարտուղարի հարցով, Հայաստանը կշարունակի աշխատել կոնսենսուսի հասնելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  մամուլի ասուլիսում:

«Կարծում եմ, Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանին հայկական կողմից արձագանք եղել է, ես ինքս անձամբ պատասխանել եմ: Ինչ ասել եմ, կմնա ուժի մեջ», - ասել է նա՝ նշելով, որ բացատրություններ է պահանջելու թե արդեն նշված, թե այլ խնդիրների կապակցությամբ։

Մեկնաբանելով բելառուսական զենքի նոր խմբաքանակ Ադրբեջանին վաճառելու մասին հայտարարությունը՝ Փաշինյանն ասել է, որ դա ոչ մի կապ չունի հայ-բելառուսական հարաբերությունների սրման հետ։ Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ ՀՀ ներկայացուցիչ լինելու ժամանակ Ադրբեջանին մատակարարվել են «Պոլոնեզները»։

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք այդ գործարքներն ուղղված ընդդեմ ՀՀ ազգային շահերի, և կարծում ենք, որ դրանք խաթարում են ՀԱՊԿ բովանդակությունը․․․ մենք փոխադարձաբար պետք է պարզաբանումներ ունենանք», - ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը նշել է, որ երկրներից յուրաքանչյուրի համար պիտի պարզ լինի՝ ինչ պարտավորություններ կան միմյանց և կազմակերպության նկատմամբ։

«Մենք մեր պարտավորությունները լիարժեքորեն պահպանում ենք, ինչը, ցավոք, չենք կարող հստակ ասել մեր որոշ գործընկերների մասին», - շեշտել է նա: