Գրքերի տոն՝ մանուկների ու պատանիների համար: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում դեկտեմբերի 14-ին, ժամը 11:00-17:00 կանցկացվի շնորհանդես-տոնավաճառ՝ հատուկ մանուկների և պատանիների համար: Ցուցահանդես-տոնավաճառը նվիրված է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85 և «Էդիթ Պրինտ» հրատարակչության 25-ամյակներին: Այն անցկացվում է երեք կառույցների նախաձեռնությամբ:

Հրատարակչությունից հայտնում են՝ իրադարձության շրջանակում դեկտեմբերի 14-ին կանցկացվեն մի շարք նոր ստեղծագործությունների շնորհանդեսներ, տարբեր տարիքի ընթերցողների համար նախատեսված գրքերի մեծ ցուցահանդես և վաճառք, կինոդիտում: Մասնավորապես, նույն օրը ժամը 12:00 տեղի կունենա ինտերակտիվ գրքերի շնորհանդես: Կներկայացվեն Խնկո Ապոր «Առակներ»-ը և Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ը: Գրքերը ինտերակտիվ են. կազմի վրա տեղադրված նկար-հղումով հեռախոսի կամ գրասալիկի (պլանշետ) միջոցով հնարավոր է ունկնդրել հեքիաթներ ու առակները: Շնորհանդեսին կհաջորդի Շերլոք Հոլմսի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն, քանի որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը վերջերս լույս էր ընծայել վեց հատորից բաղկացած Շերլոք Հոլմսի մասին պատմող գործերի ամբողջական հավաքածու: Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, ժամը 14:30:

Պաշտոնական բացմանը կհաջորդի Հովհաննես Թումանյանի «Թումանյանը աշխարհի երեխաներին» հայերեն-անգլերեն գրքի շնորհանդեսը: Ընտրանին ընդգրկում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի միշտ արդիական մանկական բանաստեղծություններն ու բալլադները երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն:

Նույն օրը ժամը 16:00 կանցկացվի Սամվել Բիշարյանի «Hello, Adam» գրքի շնորհանդեսը: Գիրքը բաղկացած է տասնմեկ պատմվածքներից: Նշենք, որ 7 պատմվածք քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մասին է. դրանցից 2-ում նա հանդես է գալիս որպես գործող կերպար, իսկ 4 պատմվածքներ այլ հերոսներ ունեն: Պատմվածքներից մի քանիսը վերաբերում են Ադամ Սահակյանի կյանքի՝ մինչ ապրիլյան պատերազմը ընկած ժամանակահատվածին:

Ցուցահանդես-տոնավաճառն Ամանորին ընդառաջ աննախադեպ իրադարձություն կլինի մանուկների և պատանիների, ինչպես նաև նրանց ծնողների համար: Այստեղ հնարավոր կլինի գտնել ցանկացած ճաշակի, ոճի գիրք և գրականություն: