Մարդու իրավունքների պաշտպանը Համաներման մասին օրենքի մի շարք դրույթներում օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի խախտում է արձանագրել. նա դիմել է Սահմանադրական դատարան, հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Նշվում է, որ Պաշտպանին հասցեագրված բողոքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համաներման մասին օրենքում բացակայում են կարգավորումներ, որոնք հստակ կամրագրեն համաներման ակտի կիրառման հիմքերը և կատարման համար պատասխանատու դատական մարմնի իրավասությունն այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է վերադաս ատյան, սակայն վերջինիս կողմից դեռևս չի որոշվել վարույթ ընդունելու հարցը:

«Արդյունքում, թե Վերաքննիչ և թե Վճռաբեկ դատարանները հնարավորություն չեն ունենում կիրառել համաներում և անձին ազատել պատժից: Ստացվում է, որ վերջնական դատական ակտի բացակայության պայմաններում և նույն հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձը մի դեպքում կարող է ամբողջությամբ ազատվել պատժից, իսկ մեկ այլ դեպքում՝ նշանակված պատժաչափը համաներման արդյունքում կրճատվել», - ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ օրենքի մի շարք դրույթներ հակասում են Սահմանադրության՝ որոշակիության, հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար օրենքներով անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու, հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիության, ինչպես նաև հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված դրույթները մեկնաբանելիս ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական սկզբունքներին:

Դիմումի մեջ նշված հետևություններն ամրապնդված են միջազգային չափանիշների վերլուծությամբ: