Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանապորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտարարել է․

«Հիմա մենք քննարկում ենք այդ նախարարության անվան մեջ չներառել «ռազմարդյունաբերություն» բառը՝ հասկանալի պատճառներով, որպեսզի մենք խոչընդոտներ չունենանք մեր միջազգային գործընկերների հետ աշխատանքի և ընդհանրապես նախարարությունը միտված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը զարգացնելուն: Այսպիսով՝ մենք ունենալու ենք բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, որը զբաղվելու է Հայաստանում մտքի արտադրնքը առևտրայնացնելով, դարձնելով դրանք համակարգեր դրանց վաճառքը դրսում ապահովելով»,- գրում է 168.am-ը։

Ըստ նրա՝ ռազմարդյունաբերությունն այդ նախարարության աշխատանքի մի ճյուղն է դառնում:

Արշակյանը նշեց, որ ոչ բավարար քանակի, բայց Հայաստանում կան ընկերություններ, որոնք զբաղվում են պաշտպանական տեխնոլոգիաներով:

Հարցին՝ տրանսպորտը և ճանապարհաշինությունը չեն տուժի՞ այլ նախարարության կազմում, Հ.Արշակյանը պատասխանեց, որ մարզպետարաններում կան տրանսպորտային վարչություններ, և տարածքային կառավարման նախարարության հետ տրանսպորտի միավորումը թույլ կտա ամբողջ տրանսպորտի և ճանապարհային համակարգը միավորվի ու միասնական ստանդարտներով իրականացվի: