Ադրբեջանական բանտում 7 ամիս անցկացրած հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ Ադրբեջանում նոր քրեական գործեր են հարուցել: Այդ մասին բլոգերը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ դեռևս մեկ ամիս առաջ այդ մասին իրեն զգուշացրել էին ռուսական «լուրջ» կազմակերպության ներկայացուցիչները, իսկ այժմ՝ արդեն պաշտոնապես Իսրայելի ԱԳՆ-ն:

Լապշինին զգուշացրել են, որ Ադրբեջանի իշխանություններին սաստիկ զայրացրել է այն հանգամանքը, որ ՄԻԵԴ ընդունել է Բաքվում Լապշինի դեմ մահափորձի վերաբերյալ բողոքը՝ ՌԴ-ից և Իսրայելից բժշկական եզրակացությունների հիման վրա:

«Ես իբր 2 հոդված եմ «խախտել»՝ «ահաբեկչության բացահայտ կոչեր» (ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովին ազատ արձակելու կոչերի համար, որին ապօրինաբար բանտում են պահում) և Ադրբեջանի դեմ «բացահայատ կոչեր» (այնտեղ իմ հոդվածների երկար ցանկն է, որտեղ ես դատապարտում եմ Բաքվի իշխանություններին կոռուպցիայի և ապօրինությունների համար): Մոտ օրերս կարող է էլի ինչ-որ հոդվածներ հորինեն»,- ասվում է գրառման մեջ:

Լապշինը հայտնել է նաև, որ մարտին կլինի Լիոնում, Ինտերպոլի կենտրոնակայանում, որտեղ խոսակցություն է լինելու Ադրբեջանի կողմից այլախոհների և ազատ մամուլի դեմ այդ կազմակերպության գործիքակազմի ապօրինի օգտագործման մասին: