Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը մոտ 4 մլն դրամի չարաշահումներ է կատարել, հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ կրթօջախի տնօրենը 2004-2017թթ-ի ընթացքում ամուսնուն հաջորդաբար հրամանագրել է որպես դպրոցի էլեկտրիկ-փականագործ, պահակ և հնոցապան։ Ամուսինը փաստացի աշխատանքի չի եկել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3.949 մլն դրամ, յուրացվել է։

Առանձնապես խոշոր չափերի յուրացման փաստով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։