ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայտնում է ՀՀ ԱԱԾ լրատվական կենտրոնը:

Քրեական գործով հաստատված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս կազմակերպել և ղեկավարել է իր հիմնադրած ՍՊ ընկերություններից մեկի պատասխանատու աշխատակիցների կողմից օրենքով սահմանված, հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու և առանձնապես խոշոր չափերով եկամտային հարկ չվճարելու գործընթացը, որից հետո, նպատակ ունենալով խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամտի՝ պետական բյուջե չվճարված հարկի ծագման աղբյուրը և իրական բնույթը, այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, այդ եկամուտներն գույքի ձեռք բերմանն ուղղելու եղանակով։

Մասնավորապես, երրորդ անձի կողմից տնտեսվարող սուբյեկտներից մեկում ներդրած, դեռևս ծագման առումով առանձին իրավական գնահատականի արժանի $5.3 մլն-ը անհատույց ստանալու նպատակով, Սեդրակ Քոչարյանը ձեռնամուխ է եղել շինծու գործարքներով այդ գումարն իր հիմնադրած ընկերության անվամբ ձևակերպելուն և դրա միջոցով ստանալուն։

Ցանկանալով խուսափել դրանից բխող հարկային պարտավորությունները կատարելուց, վերջինս վերոհիշյալ ՍՊԸ տնօրենին հանձնարարել է կնքել 2 հատ շինծու անհատույց փոխառության պայմանագրեր և դրանց տալ նաև հաշվապահական ձևակերպում, ինչի հետևանքով ի վերջո $5.3 մլն-ը փոխանցվել է Սեդրակ Քոչարյանի անձնական հաշվեհամարին՝ իբրև տված փոխառության վերադարձ:

Դրա հետ մեկտեղ, իր հիմնադրած հիշյալ ընկերության տնօրենը օրենսդրության պահանջների խախտմամբ, որպես հարկային գործակալ պարտավոր լինելով պահել և ՀՀ պետական բյուջե փոխանցել Սեդրակ Քոչարյանի կողմից երրորդ անձից անհատույց՝ որպես եկամուտ ստացած գումարից եկամտային հարկը՝ Սեդրակ Քոչարյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ, պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկը նվազեցնելու նպատակով, ընկերության հարկման համար հիմք հանդիսացող համապատասխան ամփոփ հաշվարկում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ, որի հետևանքով չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 9 167 մլն դրամի չափով հարկեր (տույժերով և տուգանքներով հանդերձ՝ 1 968 մլրդ դրամ)։

Դրանից հետո, նպատակ ունենալով իր և ընտանիքի մյուս անդամների հետ փոխկապակցված ընկերությունների միջև մի շարք գործարքների կնքմամբ խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով հիշյալ եկամտի՝ պետական բյուջե չվճարված հարկի գումարի իրական բնույթը և ծագման աղբյուրն ու այն ներդնել օրինական շրջանառության մեջ, Սեդրակ Քոչարյանն այն միախառնել է բանկային հաշվին եղած $5.6 մլն-ի հետ և օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, փոխարկման, այդ եկամուտները «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերմանն ուղղելու եղանակով։

Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար, իսկ նրա հիմնադրած ՍՊ ընկերության տնօրեն Ալեքսան Սամսոնի Որսկանյանին՝ 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Սեդրակ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների բազմաթիվ անշարժ գույքերի և այլ ակտիվների ձեռք բերման օրինականությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ քննչական գործողություններ, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։