Իսրայելի ռազմական Aeronautics Defense Systems ընկերությունն իր արտահանման արտոնագրերի վերականգնումից երկու շաբաթ անց հայտարարել է, որ հաղթող է ճանաչվել և բազմամիլիոնանոց պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:

Ըստ ընկերության հայտարարության, 13 մլն դոլարի 2-ամյա պայմանագրով նախատեսվում է նորոգել Ադրբեջանին վաճառված Orbiter 1K դրոնները, գրում է MIGnews-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել էր Orbiter 1K դրոնների վաճառքի արգելքը ընկերության կողմից, որին կասկածում էին Ադրբեջանում ցուցադրության ժամանակ անօդաչու սարքերը հայկական զորքերի դեմ օգտագործելու մեջ: Իսրայելի ռազմական իշխանությունները, խախտելով Իսրայելի օրենսդրությունը, թույլ են տվել ընկերությանը կրկին անօդաչու թռչող սարքեր վաճառել ադրբեջանցիներին:

2018թ-ի օգոստոսին Իսրայելի դատախազությունը մեղադրանք էր ներկայացրել անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերությանը՝ անօդաչուների ցուցադրման ժամանակ Ադրբեջանի խնդրանքով հայ զինվորներին Արցախում ռմբակոծելու համար: Զենքի վաճառքը կասեցնելու մասին որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ ընկերությունն Ադրբեջանի հարցումով փորձարկել էր Orbiter 1K տիպի անօդաչու սարքերը Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի ուղղությամբ:

Ըստ ԶԼՄ-ների, իսրայելյան ընկերության 2 աշխատակից հրաժարվել է դա անել, սակայն, այնուամենայնիվ, ընկերության 2 բարձրաստիճան ներկայացուցիչ համաձայնել է գրոհ իրականացնել: Ըստ գեներալ Արմեն Գյոզալյանի, 2016թ-ի հուլիսի 7-ին նման փորձարկման արդյունքում 2 հայ զինվոր է վիրավորվել: