Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էթիկայի խախտում է արձանագրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի վարքագծում: Մասնավորապես՝ հանձնաժողովը որոշել է, որ պաշտոնյան իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ վկայակոչելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից էթիկայի նորմի խախտման փաստը:

Հանձնաժողովում քննարկման առարկա է հանդիսացել Սանասարյանի հրապարակային այն հայտարարությունները, թե «…ԵՊՀ-ն առաջիկայում կվերջացնենք, լուրջ խախտումներ կան ԵՊՀ-ում ևս», «…նախնական տվյալներով երկու անգամ կամ ավելի գերազանցելու է Ագրարային համալսարանին», «ծախսերն ուսումնասիրելով կարող ենք ասել, որ բավականին լուրջ թիվ է: Էդ թվում քրեական հանցագործության տարրեր կան», «ԵՊՀ-ում շուրջ երկու ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվեց դատախազություն: Ըստ նախնական գնահատականի հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս: Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային», «ես երաշխավորում եմ, վստահեցնում եմ ձեզ, որ այս գործը դատարան է գնալու»:

Հանձնաժողովն արձանագրել է, որ հանրային ծառայությունը հիմնված է որոշակի արժեքների վրա: Մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց վարքագծով պետք է նպաստեն հանրության շրջանում այն համոզմունքի ամրապնդմանը, որ պաշտոնատար անձանց գործունեությունը միտված է հանրային շահի արդարացի սպասարկմանը:

Հանձնաժողովը գտնում է, որ Դավիթ Սանասարյանի վարքագիծը՝ նրա կողմից արված վերը նշված հրապարակային հայտարարությունները և գրառումը չեն նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Ըստ հանձնաժողովի՝ Դավիթ Սանասարյանի վարքագիծը նախադրյալներ է ստեղծել իր՝ որպես պաշտոնատար անձի կողմից ոչ օբյեկտիվ լինելու վերաբերյալ մտայնության ձևավորման համար: Պետական վերահսկողական ծառայության կողմից ԵՊՀ-ում իրականացվող ուսումնասիրությունների առնչությամբ նրա՝ վերը մեջբերված հրապարակային հայտարությունները և գրառումը ողջամտորեն կարող են ընկալվել և մեկնաբանվել որպես կանխակալ վերաբերմունքի դրսևորում և «ուժի ցուցադրում»:

Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ մեկամսյա ժամկետում: