Ալավերդու պատկերասրահի շենքի 112,5 քմ տարածքի սեփականատեր Դավիթ Հարությունյանն ապրիլի 2-ին հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նա պահանջում է պարտավորեցնել Ազգային պատկերասրահին Թումանյան փողոցի թիվ 44/1 հասցեի անշարժ գույքը, որպես սեփականատեր, հանձնել իրեն: Նշված տարածքում այժմ գործում է Ալավերդու պատկերասրահը:

Պատկերասրահի շենքի տարածքը Դավիթ Հարությունյանի անունով պետական գրանցում է ստացել «Հայէկոնոմբանկի» 2016թ.-ի սեպտեմբերի 29-ի առուվաճառքի պայմանագրի հիմքով: Հայցվորը դատարանից պահանջում է նաև «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ից հօգուտ իրեն բռնագանձել 8 մլն 100 հազար դրամ՝ որպես բաց թողնված օգուտ, ինչպես նաև 166 հազար դրամ՝ որպես իր հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրք: Ազգային պատկերասրահը սեփականության որևէ իրավունք և պարտավորություն չունի Ալավերդու պատկերասրահի շենքի նկատմամբ:

2018թ. դեկտեմբերի 22-ին Ալավերդու պատկերասրահում հավաքված ալավերդցիներն իրենց դժգոհությունը հայտնեցին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի կողմից համայնքի սեփականության գույք հանդիսացող պատկերասրահի շենքը յուրացնելու համար եւ որոշեցին նամակով դիմել կառավարությանը:

Հիշեցնենք «Հետք»-ի «Դատարանը Քաղառի չմարած վարկերի դիմաց ճանաչել է «Հայէկոնոմբանկի» սեփականության իրավունքը՝ Ալավերդու պատկերասրահի շենքի նկատմամբ» հրապարկումը Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը 2018թ.-ի դեկտեմբերի 21-ին ուղարկել է ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին՝ հրապարակման մեջ նշված փաստերի վերաբերյալ ստուգողական գործողություններ իրականացնելու համար:

«Այդ գործողությունների կատարման արդյունքում, հանգել է հետևություն, որ կատարվել է ենթադրաբար Քրեական օրենսգրքի 325 հոդվածով նախատեսված հանցագործություն: 2018թ.-ի դեկտեմբերի 31-ին քրօրենսգրքի 325 հոդված 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է 55164918 քրեական գործը: Վերջինս նախաքննություն կատարելու համար հանձնվել է Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնին: Քրգործն այժմ գտնվում է նախաքննության փուլում»,- «Հետք»-ին հայտնել է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյան:

Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի խոսքով, պատկերասրահի շենքը պատկանում է Ալավերդու համայնքապետարանին:

«Մենք պարտավոր ենք մեր համայնքի և ընդհանուր դեպքում պետության և հանրության շահերը պաշտպանելու: Ինչ տարբերություն համայնքային սեփականություն, թե պետական սեփականություն»,- ասում է համայնքապետը:

Պատկերասրահի շենքի վերաբերյալ հարուցված քրեական գործը այս պահին գտնվում է Լոռու մարզի քննչական վարչության Ալավերդու քննչական բաժնի քննիչ Արեն Մնացականյանի վարույթում: «Պատկերասրահի շենքը «Հայէկոնոմբանկ»-ին հանձնելու օրինականության ստուգման նախաքննությունը շարունակվում է»,- երեկ հայտնեց քննիչը:

Փաստաբան Ալեքսանդր Ծատինյանի խոսքով տվյալ դեպքում քրեական գործի շրջանակներում պարզվելու է, թե պատկերասրահի շենքն օրինական հիմքով է անցել «Հայէկոնոմբանկ»-ին, թե՝ ոչ: Քանի որ այդ հարցը ուսումնասիրության փուլում է, Դավիթ Հարությունյանը դատարանում չի կարող ասել, թե սեփականության իր իրավունքը խոչընդոտվում է:

«Եթե այդ գործի հետ կապված կա հարուցված քրեական գործ, դատարանը անհնարինություն է տեսնելու այդ գործի հետագա ելքի հետ կապված և կասեցնելու է Դ. Հարությույանի գործի վարույթը: Քաղդատով դա հստակ կարգավորվում է: Քրեական գործի որոշումը, երբ պատասխանողը ներկայացնի դատարան և հայտնի, որ խնդիրը ուսումնասիրվում է քրեական գործի շրջանակներում, դատարանն ինքը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է կասեցնել այդ քաղաքացիական գործը մինչև նախաքննության ավարտը, ապա դատարանի որոշում կայացնելը: Դրանից հետո կպարզվի մարդու բողոքը օրինական է, թե անօրինական: Եթե դատարանը կպարզի, որ պատկերասրահի շենքն անօրինական է անցել «Հայէկոնոմբանկ»-ին, քաղաքացու դիմումը կդառնա առարկայազուրկ, այսինքն՝ նա չի ունենա սեփականության իրավունք: Եթե պարզվի՝ օրինական է, նա կարող է իր հայցը ներկայացնել դատարան և օգտվել իր սեփականության իրավունքից»,- պարզաբանեց փաստաբանը: Վերջինիս ասելով, այս քրգործում կա պատկերասրահի շենքի սեփականության երկու փաստաթուղթ: Մեկը կառավարության 1997թ.-ի մարտի 14-ի թիվ 51 որոշումն է, ըստ որի պատկերասրահի շենքն Ալավերդու համայնքի սեփականությունն է, և կա «Հայէկոնոմբանկ»-ի սեփականության վկայականը, որի հիմքը կասկածելի է:

Հիշեցնենք, որ Ալավերդու նախկին Կախոյան 7, ներկայումս 2 մասի բաժանված Թումանյան 44 և 44/1 շենքը դեռ 1982 թ.-ին քաղաքային խորհրդի գործկոմի որոշմամբ Ալավերդու Քաղառից հետ է վերցրվել և հանձնվել գործկոմի կուլտուրայի բաժնին՝ Ալավերդիում Ազգային պատկերասրահի մասնաճյուղ բացելու համար:

Կուլտուրային մինիստրության, ազգային պակերասրահի տնօրինության և Ալավերդու քաղխորհրդի գործկոմի համաձայնությամբ 1986թ.-ին Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղը սկսել է գործել Կախոյան 7, ներկայումս Թումանյան 44 և 44/1 հասցեում: Կառավարության 1997թ.-ի մարտի 4-ի թիվ 51 որոշմամբ շենքը որպես պատկերասրահ ընդգրկվել է Ալավերդի համայնքի սեփականության այն գույքի ցանկում, որոնք սեփականաշնորհման և առուվաճառքի ենթակա չեն: Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի 23.04.1999թ.-ի որոշմամբ, անտեսվել է կառավարության թիվ 51 որոշումը և պատկերասրահի շենքը Քաղառի 3 մլն դրամ չմարված վարկի դիմաց հանձնվել է «Հայէկոնոմբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղին:

2005թ.-ի նոյեմբերի 1-ին, համաձայն Ալավերդու քաղաքապետ Սարիբեկ Օհանյանի 271-Ա որոշման, պատկերասրահի շենքը պետական գրանցում է ստացել որպես բանկ՝ «Հայէկոնոմբանկի» Թումանյանի մասնաճյուղի անվամբ: Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի 2015թ.-ի դեկտեմբերի 21-ի 283-Ա որոշման համաձայն՝ Կախոյան 7 հասցեի «Հայէկոնոմբանկի» Թումանյանի մասնաճյուղի անշարժ գույքը բաժանվել է երկու միավորի, և բաժանված երկու միավորներն էլ 2016թ.-ի փետրվարի 18-ին իրավունքի պետական գրանցում են ստացել կրկին «Հայէկոնոմբանկի» Թումանյանի մասնաճյուղի անվամբ՝ Թումանյան 44 և Թումանյան 44/1 հասցեներով: Թումանյան 44/1 հասցեով տարածքը Դավիթ Հարությունյանի անունով գրանցվել է «Հայէկոնոմբանկի» առուվաճառքի հիմքով: