Երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում մեծ հրդեհ էր բռնկվել։ Հրշեջներին հաջողվել է մարել զգալի ավերածությունների պատճառ դարձած հրդեհը։

Կրակի պատճառով փլուզվել է 19-րդ դարի աշտարակն ու կտուրը, մասամբ այրվել է ներքին հարդարումը։ Տաճարում պահվող մասունքները՝ մասնավորապես, Քրիստոսի պսակն ու այն Խաչակրյաց արշավանքների ժամանակ բերած Լուի IX Սուրբի պատմուճանը, փրկվել են կրակից։ Խորանը չի տուժել, հիմնական պատերը, ճակատն ու ճակատային մասի աշտարակները կանգուն են։

Երկրի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն հայտարարել է, որ տաճարը վերականգնվելու է․ գումարը դրա համար հավաքվելու է թե երկրում, թե սահմաններից դուրս։

«Նոտր Դամը մեր պատմությունն է, մեր գրականությունը, մեր երևակայությունը։ Սա վայր է, ուր մենք վերապրել ենք մեր պատմության բոլոր կարևոր պահերը՝ համաճարակները, պատերազմները և մեր ազատագրումը։ Վերականգնումը Ֆրանսիայի ճակատագրի մի մասն է, նախագիծ, որը կտևի տարիներ», - շեշտել է Մակրոնը։