Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1939թ-ին: Այն ժամանակ Աբովյանների տոհմական տան հյուրասենյակի պատերին հապճեպորեն ամրացվել են մի քանի ցուցանմուշներ, որոնք պատմում էին մեծ լուսավորչի կյանքի ու գրական-մանկավարժական գործունեության մասին, իսկ կից մառանում ի ցույց են դրվել տնային գործածության զանազան իրեր:
1948թ-ի սեպտեմբերին, Աբովյանի մահվան 100-ամյա հոբելյանի առթիվ, թանգարանի ցուցանմուշները հարստացվել են, իսկ 1953թ-ի գարնանը, վերափոխված հարևան շենքում բացվել են նոր ցուցասրահներ: Աբովյանի կյանքի ու ստեղծագործության մասին պատմող նյութերը փոխադրվել են՝ այդտեղ խրճիթում թողնելով միայն կենցաղային գործածության իրեր:
1978թ-ին կառուցվեց ցուցասրահների նոր շենքը։ Տուն-թանգարանի ցուցասրահը բաղկացած էր հիմնական 10 բաժիններից: 2010թ-ին ցուցասրահը վերանորոգվեց, բաժինները համալրվեցին ևս երկուսով, ինչպես նաև նոր ու արժեքավոր նյութերով: