1949թ-ին՝ բանաստեղծի ծննդյան 80 ամյակի կապակցությամբ Հայաստանի կառավարությունը, Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունովի ղեկավարությամբ, որոշում ընդունեց Երևանում թանգարան կառուցելու մասին:

1953թ. ապրիլից, Երևանի Մոսկովյան 40 հասցեում, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվեց մեծ մտածող, հումանիստ, գրող, հեքիաթագիր Հովհ. Թումանյանի թանգարանը, որտեղ խնամքով պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ:

Թանգարանի երկրորդ հարկում գտնվող վեց սրահներում ամենայն մանրամասնությամբ վերարտադրված է Հովհ. Թումանյանի Թիֆլիսյան վերջին բնակարանը: Նույն հարկում առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ ու բազմաբնույթ գրադարանը մոտ 8000 գրքով: Գրողի հասարակական գործչի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը /լուսանկարներ, նամակներ, փաստաթղթեր, ձեռագրեր, հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված նկարազարդումներ /ժամանակագրական կարգով ցուցադրված են առաջին հարկում , որտեղից էլ սկսվում է այցելուի ծանոթությունը թանգարանի հետ:

Թանգարանը զբաղվում է նաև լուրջ գիտական գործունեությամբ՝ ուսումնասիրելով և հրապարակելով Թումանյանի ընտանիքի՝ հատկապես զավակների արխիվները, Թումանյանին վերաբերող նոր նյութեր, կազմակերպելով մանկական գրականությանը և հեքիաթագիտությանը վերաբերող գիտաժողովներ: