ԱՄՆ-ում հայերը հունիսի 2-ին հայտարարել են հեռուստամարաթոն-դրամահավաք, որի նպատակն է գումար հավաքել Ջավախքի զարգացման համար:

Jnews կայքի հաղորդմամբ, հեռուստամարաթոնի նպատակն է հավաքել միջոցներ, որոնք ամբողջությամբ կծառայեն Ջավախքի խնդիրների լուծմանը, որը շարունակական բնույթ կկրի: Գաղափարը ծագել էր ախալցխացիներին օգնել` պահպանելու իրենց ինքնատիպությունը և հնարավորությունները, որպեսզի նրանք չմեկնեն Ախալցխայից: Նրանք պատրաստվում են այդ գումարով բացել սպորտային և մշակութային կենտրոն, եթե ավելի շատ գումար հավաքվի, ապա օգնություն կցուցաբերվի նաև տարածաշրջանի հայաբնակ այլ շրջաններին:

«Մենք հասկանում ենք Ջավախքի կարևորությունը: Մենք երկար ժամանակ ուզում էինք դրամահավաք անել, սակայն մենք չունեինք անհրաժեշտ մարդկային ռեսուրս դա սկսելու համար: Լոս Անջելեսի հայկական կազմակերպությունների և անհատների հետ միասին որոշեցինք ստեղծել «Սփյուռքի միավորման հարթակ», որի նպատակներից է Վրաստանի հայկական համայնքի ամրապնդումը: Մենք դա չենք անում ի վնաս Վրաստանին, մենք դա անում ենք` հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման նպատակով: Բոլորը կարող են մասնակցել, ով ինչպես կարող է, մենք միայն երախտապարտ կլինենք»,- ասել է հեռուստամարաթոնի կազմակերպիչներից Գարեգին Նալբանդյանը: