Հայկական զինված ուժերը 2020թ-ին Մոսկվայում կմասնակցեն Հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի շքերթին
ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակը և պայմանավորվել են իրենց զինված ուժերն ուղարկել՝ մասնակցելու 2020թ.-ի մայիսյան հաղթանակի շքերթին։ Այս մասին Բիշքեկում կայացած հանդիպումից հետո հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։
Սեմերիկովը նշել է, որ հանդիպմանը ստորագրվել է 11 փաստաթուղթ, որոնց թվում են նաև ՀԱՊԿ առաջիկա համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվելու են Հայաստանում, Բելառուսում, Ղրղզստանում ու Տաջիկստանում։
Հանդիպման ընթացքում որոշվել է նաև, որ ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը պետք է անցկացվի այս տարվա նոյեմբերին Բիշքեկում և կողմերը զորամիավորումներ կուղարկեն հաջորդ տարի Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք ռազմական շքերթին, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 75-ամյակին։