Լիբանանահայ պատմաբան, գրող ու լրագրող Վիգեն Չեթերյանը (Vicken Cheterian), ով ներկայումս նաև դասախոսում է Ժնևի համալսարանում, անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը։

Չեթերյանը թվիթերում նկար է հրապարակել Թուրքական ավիաուղիների ինքնաթիռից, որում ցուցադրվող քարտեզի վրա բացակայում է Երևանը, Հայաստանը։

«Թուրքիայում ժխտողականության նոր քաղաքականություն է իրականացվում։ Մի քանի ընկերներ, որոնք օգտվել են Թուրքական ավիաուղիներից, նկատել են, որ Հայաստանը, Երևանը և այլն, բացակայում են էկրանի քարտեզից։ Նայեք Ստամբուլ-Տաշքենդ չվերթը։ Ոչ միայն ցեղասպանությունն է մերժվում, այլ նաև ազգի գոյությունը»,- գրել է Չեթերյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Էրդողանը Օսմանյան կայսրության բնակչությանն անվանել էր «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» ու նրանց տեղահանումները համարել այդ ժամանակ «ամենատրամաբանական վարքագիծ»։

Այս հայտարարությունը ՀՀ վարչապետ Փաշինյանն անվանել է ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից ու կոչ արել միջազգային հանրությանը չլռել։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Էրդողանի հայտարարությունը անվանել է ոչ թե ուղղակի մերժում, այլ ցեղասպանության արդարացում։